Թուրքիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսի զոհերի ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել
Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ամենաբարձր ցուցանիշը, հայտնում Ahval-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 362 և կորոնավիրուսով վարակման 61 967 դեպք։
Կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում գրանցվել է վարակման 4 446 591 դեպք, որից 36 975-ը՝ մահվան ելքով։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով` 3398 մարդ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում․ հիվանդանոցներում հագեցվածությունը կազմում է 56,3 տոկոս, իսկ շտապօգնության սենյակներում 69,1 տոկոս։
Հայտնի է, որ Ռամադան ամսվա կապակցությամբ սահմանափակումներ են մտցվել, համաձայն որոնց` սահմանվում է պարետային ժամ երեկոյան ժամը 19։00-ից մինչև առավոտյան 05։00-ը, որի ընթացքում արգելվում է միջքաղաքային ճանապարհորդությունը, ինչպես նաև շաբաթավերջին պարետային ժամեր են սահմանվում բարձր ռիսկային քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը և մայրաքաղաք Անկարան:
Թուրքիան շարունակում է կորոնավիրուսի տարածման ցուցանիշով զբաղեցնել 4-րդ տեղն աշխարհում։