Հանրահայտ Ask.com-ը և Insider.com-ը զուգահեռներ են անցկացրել «Ամազոն»-ի և «Գլոբբինգ»-ի միջև` բացահայտելով` ինչով է հայկական ընկերությունը գերազանցում «Ամազոն»-ին
Հանրահայտ Ask.com և Insider.com կայքերն անդրադարձել են միջազգային առցանց գնումների հարթակում ճանաչում ունեցող «Գլոբբինգ» ընկերությանը՝ այն համեմատելով ոլորտի առաջատար համարվող «Ամազոն»-ի հետ: Հեղինակավոր կայքերը, մասնավորապես, անդրադարձել են Կովկասում էլեկտրոնային առևտրի (e-commerce) ոլորտի զարգացման միտումներին` նկատելով, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով 2020 թվականին գնորդներն առցանց գնումների վրա ծախսել են մոտ 900 մլրդ դոլարով ավելի՝ համեմատած նախորդ երկու տարվա ցուցանիշների հետ։
Մինչդեռ բրիտանական հանրահայտ ASOS խանութի եկամուտն այս ժամանակաշրջանում աճել է մոտ 275%-ով։ Առցանց գնումների հանդեպ հետաքրքրության աճը նկատվել է նաև Կովկասյան տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են Ask.com-ը և Insider.com-ը, Հայաստանում էլեկտրոնային առևտրի ոլորտը սկսել է արագ տեմպերով զարգանալ դեռ 5 տարի առաջ. դա պայմանավորված էր շուկայում «Գլոբբինգ» ընկերության ի հայտ գալով, որին հաջողվեց մի քանի տարում լիովին փոխել գնումների մշակույթը Հայաստանում։ Ավելին, հոդվածում հայկական ընկերությունը համեմատել են «ոլորտի հսկա» լեգենդար «Ամազոն»-ի հետ։
Online Shopping Network-ը «Գլոբբինգ»-ի աջակցությամբ 2,95 մլն բնակչություն ունեցող Հայաստանի ողջ տարածքում տեղադրել է արդեն 125-ից ավելի ժամանակակից «լոքեր» (կողպվող պահարան, որում լոգիստիկ ընկերությունը տեղավորում է առաքանին)` համալրված Touch ID, NFC անհպում վճարման համակարգերով, որոնցից հնարավոր է ստանալ նաև «Գլոբբինգ»-ի միջոցով կատարած պատվերները։ Հետաքրքրական է, որ միևնույն ժամանակ «Ամազոն»-ն ունի մոտ 20 000 «լոքեր»՝ 328,2 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում։ Այսպիսով, գերժամանակակից «լոքերների» քանակով Հայաստանը գերազանցում է ԱՄՆ-ին, եթե նկատի ունենանք երկու երկրների բնակչության թվի հարաբերակցությունը:
Ask.com-ը և Insider.com-ը ընդգծում են՝ համավարակը փոխել է առցանց գնումների վերաբերյալ պատկերացնումները, փոխվել է նաև սպառողների վարքագիծը, որոնք սկսել են նախապատվություն տալ և ակտիվորեն գնումներ կատարել արտասահմանյան առցանց խանութներից, ինչն էլ հանգեցրել է էլեկտրոնային առևտրի սրընթաց աճին։
Ինչպես նշվում է, հաճախորդները սիրում և գնահատում են առցանց առևտրի հարմարությունը, իսկ ինտերնետային խանութները շարունակաբար բարելավում են վիրտուալ հարթակում իրենց հանդեպ սպառողի վստահությունը շահելու ռազմավարությունը։
Ask.com և Insider.com կայքերը նկատում են, որ բացի Հայաստանից վերջին տարիներին էլեկտրոնային առևտրի զարգազման միտում է նկատվում նաև Վրաստանում. 2017 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում Վրաստանի բնակիչներն առցանց գնումների վրա շուրջ 34 մլն դոլար են ծախսել։
Մասնագետների կարծիքով՝ առցանց գնումների աճի միտումը կշարունակվի նաև հետագա տարիներին, անգամ համավարակը լիովին հաղթահարելու դեպքում։ Կանխատեսվում է, որ 2021-ին առցանց գնումների մասնաբաժինը բոլոր ապրանքների և ծառայությունների վրա կատարած ծախսերի մեջ կկազմի մոտ 20-30%։ 2020-ին այդ ցուցանիշը կազմել է 20%, մինչդեռ 2019-ին` ընդամենը 14%: