Քանյեից բաժանվելու լուրերի ֆոնին Քիմ Քարդաշյանին «հետապնդում» են առաջնակարգ դերասաններ ու մեծահարուստներ․ Daily Mail (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց անդրադառնալով` բրիտանական Daily Mail պարբերականը գրում է․ «Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու փաստաթղթերը լրացնելուց հետո նրան հետապնդում են առաջնակարգ դերասաններն ու, նույնիսկ, արքայական ծագում ունեցողները»։
40-ամյա աստղն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով գայթակղիչ մարմինն ու առանց դիմահարդարման դեմքը:
Աղբյուրը, որը տեղեկացրել է այն մասին, որ KKW Beauty, KKW Frangrance և SKIMS ապրանքանիշերի հիմնադրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում առաջնակարգ դերասաններից և մարզիկներից մինչև արքայական ծագում ունեցողներն ու միլիարդատերերը, նշել է նաև, որ Քիմն այս պահին նոր հարաբերություններ չի փնտրում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթն ամուսնալուծությունից հետո ցանկանում է հանդիպել «արտիստի կամ ստեղծագործ մարդու հետ»։ Աղբյուրի խոսքով՝ Ուեսթը ցանկանում է, որ իր հաջորդ կողակցի հետ «կարողանան խոսել միևնույն լեզվով»։
«Ես Միքելանջելոն եմ, ես Պիկասոն եմ։ Ես, անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն արտիստն եմ։ Ասածս նույնիսկ կասկածի տակ առնելու կարիք չկա․ դա ակնհայտ փաստ է»,- ավելի վաղ GQ ամսագրին տված հարցազրույցում ասել էր 43-ամյա ռեփերը։
People ամսագրին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ Քիմն ու Քանյեն կարողանում են ամուսնալուծության գործընթացը հանգիստ ձևով անցկացնել․ «Քիմը շատ ուրախ է, որ իրենց հաջողվել է ամեն ինչ հանգիստ ձևով անցկացնել: Նա կարծում է, որ Քանյեն լավ հայր է և ցանկանում է, որ նա կարողանա այնքան ժամանակ անցկացնել երեխաների հետ, որքան ինքն է ուզում»:
Հիշեցնենք, որ ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա։