Լեոնարդո դի Կապրիոն, Խոակին Ֆենիքսը, Քեթի Փերին և այլ հայտնիներ Բայդենին կոչ են արել Բոլսոնարուի հետ կլիմայի վերաբերյալ համաձայնագիր չկնքել
Մի խումբ ամերիկացի և բրազիլացի մշակութային գործիչներ դիմել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր չկնքել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ամազոնի անտառահատումների տեմպը չի նվազել, հաղորդում է Reuters-ը։
«Անհրաժեշտ են հրատապ գործողություններ Ամազոնին, կլիմային և մարդու իրավունքներին սպառնացող վտանգները լուծելու համար, սակայն Բոլսոնարուի հետ համաձայնագրի կնքումն անթույլատրելի է։ Նախքան որևէ խոստում տալը կամ որևէ դրամական միջոց հատկացնելը՝ կոչ ենք անում շարունակել Ամազոնի բնիկ ժողովուրդների և համայնքների, ինչպես նաև Բրազիլիայի հասարակության հետ բանակցությունները»,-ասված է նրանց ուղերձի տեքստում։
Դիմումը ստորագրողների թվում են հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն, Ալեք Բոլդուինը, Խոակին Ֆենիքսը, Օռլանդո Բլումը, Ջեյն Ֆոնդան և Սիգուրնի Ուիվերը, երաժիշտներ Քեթի Փերին և Ռոջեր Ուոթերսը: Այն ստորագրել են նաև բրազիլացի երաժիշտներ Կաետանու Վելոզուն, Ժիլբերտը Ժիլը, դերասաններ Սոնյա Բրագան, Վագներ Մոուրան և ուրիշներ:
Նրանք Բոլսոնարուին մեղադրում են Ամազոնի անտառների ապօրինի հատումների թվի ավելացման և տեղի բնապահպանների իրավունքների խախտման համար։
ԱՄՆ-ն մտադիր է ապրիլի 22-23-ին անցկացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերով միջազգային գագաթաժողովը: Դրան հրավիրված է 40 համաշխարհային առաջնորդ: