«Սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը». Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ հայտարարությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հնչեցրած հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությանը, գրում է haqqin.az-ը:
Նա նշել է՝ Ադրբեջանի նախագահն ապրիլի 20-ին տված հարցազրույցում խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռևանշիզմի և նրա տարածքային ամբողջականությանը հնարավոր սպառնալիքի մասին»:
Աբդուլաևան հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե իրենք հայտնաբերեն հնարավոր սպառնալիք, ապա անմիջապես կոչնչացնեն այն ... քանի որ դա ազգային պաշտպանություն է, ազգային անվտանգության խնդիր»:
Աբդուլաևան շեշտել է, որ «Ալիևի ասածը սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ, ընդհակառակը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգին արձագանքելու վճռականության ցուցիչ է»:
Նա նշել է նաև, որ իր հարցազրույցում պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցության:
«Ալիևը շեշտել է, որ չնայած Հայաստանի կողմից պետական մակարդակով ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, մեր պատմական, մշակութային, կրոնական հուշարձանների ոչնչացմանը, անհրաժեշտ է նայել ապագային»,- մանրամասնել է Աբդուլաևան:
Ամփոփելով իր խոսքը դիվանագիտական ներկայացուցիչը հաստատել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա:
«Հենց դրան է ուղղված 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հռչակագրերի իրականացումը»,- ասել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:
«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել էր Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը, Ալիևը հավելել էր, որ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»:
Բացի այդ, Ալիևը նշել էր, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»: