«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է հղել Բայդենին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը` կոչ անելով հստակ և միանշանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականի ելույթը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Պարոն նախագահ, մի քանի օրից ողջ աշխարհը կոգեկոչի Հայոց ցեղասպանության սկսվելու 106-րդ տարելիցը. 1,5 մլն հայ է տեղահանվել և սպանվել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու Ցեղասպանությունը: Այժմ Ձեր ուժերի սահմանում է ուղղել տասնամյակների ժխտումը և այդպես վարվելով` իմաստ հաղորդել Ձեր հայտարարությանը, որով հանդես եք եկել անցյալ տարի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»:
Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր հանձնառության մասին:
Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժանակում ամերիկացի դիվանագետների կողմից: Ցեղասպանությունը վերապրածների հարյուր հազարավոր ամերիկահայ ժառանգների` երեխաների, թոռների ու ծոռների անունից կոչ եմ անում Ձեզ ճանչել Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, որովհետև դա անցյալի խնդիր չէ, այլ ներկայի: Նման վտանգ կա այսօր Արցախում, որտեղ Թուրքիայի հորդորով Ադրբեջանը պատերազմ է նախաձեռնել հայերի դեմ` փորձելով մեկ այլ հնարավոր ցեղասպանություն իրականացնել»,- շեշտել է Շիֆը: