Բայդենի վարչակազմը պաշտոնապես աջակցել է ԱՄՆ-ում 51-րդ նահանգի ստեղծման առաջարկին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պաշտոնապես աջակցել է Կոլումբիայի դաշնային շրջանը 51-րդ նահանգի վերափոխելու առաջարկին, գրում է The Washington Post-ը:
Նշվում է՝ Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ պետք է քվեարկի այն օրենսդրության վերաբերյալ, ըստ որի՝ շրջանը Պալատում կունենա մեկ ներկայացուցիչ, իսկ Սենատում՝ երկու սենատոր:
«Շատ երկար ժամանակ, Վաշինգտոնի ավելի քան 700 000 բնակիչ զրկվել է ԱՄՆ Կոնգրեսում լիարժեք ներկայացուցչությունից»,- ասվում է բյուջեի և վարչական քաղաքականության գրասենյակի հայտարարության մեջ:
Նշենք, որ 2020 թվականին Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել էր նախագիծ Կոլումբիայի շրջանը 51-րդ նահանգի վերափոխելու մասին, բայց այն հետագայում մերժվել էր Սենատի կողմից, որում մեծամասնություն էին կազմում հանրապետականները: Այս կուսակցության ներկայացուցիչները դեմ են նման փոփոխությանը, քանի որ կարծում են, որ դա պարզապես դեմոկրատների փորձն է Կոնգրեսում իրենց ներկայացուցչությունը մեծացնելու համար:
Այնուամենայնիվ, այսօր Կոլումբիայի շրջանն ավելի շատ բնակիչ ունի, քան Վերմոնտ և Վայոմինգ նահանգները, մինչդեռ նրա բնակիչներն ավելի մեծ քանակությամբ դաշնային հարկեր են վճարում, քան մյուս 22 նահանգները: Այս շրջանը ստեղծվել է Վաշինգտոն քաղաքի հետ միասին՝ ապահովելու համար, որ ամերիկյան մայրաքաղաքը չենթարկվի որևէ այլ նահանգի:
Հիշեցնենք՝ մինչ այս ԱՄՆ-ում նոր նահանգներ ստեղծվել էին դեռևս 1959 թվականին: Այդ ժամանակ Ալյասկան և Հավայան կղզիները ստացել էին նույն կարգավիճակը՝ դառնալով համապատասխանաբար երկրի 49-րդ և 50-րդ նահանգները: