ԱՄՆ սենատորներն առաջարկում են արգելել առյուծների և վագրերի մասնավոր պահելը
ԱՄՆ սենատորներն առաջարկում են արգելել առյուծների ու վագրերի մասնավոր պահելը՝ Netflix-ի «Վագրերի արքան» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, հայտնում է BBC-ն:
Չորս սենատոր կողմ են արտահայտվել «Մեծ կատուների հանրային անվտանգության մասին» օրենքին:
Կենդանիների պաշտպանության ինստիտուտը ասում է, որ «Վագրերի արքան» սերիալն օգնել է ուշադրություն գրավել «անազատության մեջ գտնվող կատուների շահագործման» հանդեպ:
Վերոհիշյալ օրենքն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, բայց այն պետք է հաստատվի Սենատի կողմից:
Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը՝ երեք այլ սենատորների հետ միասին, հայտարարել է, որ ինքը սատարում է օրինագծին:
«Ես շնորհակալ եմ այս օրինագծին հասարակության լայն աջակցության համար եւ անհամբեր սպասում եմ իմ գործընկերների հետ այն օրինականացնելուն»,- գրել է նա Twitter-ում: «Այս երկկուսակցական միջոցառումը կօգնի դադարեցնել վագրերի եւ առյուծների նման մեծ կատուների շահագործումը եւ կնվազեցնի անվտանգության ռիսկերը»,- ասել է Բլյումենտալը:
Սենատի կողմից ընդունվելու դեպքում տիրելու արգելքը կտարածվի առյուծների, վագրերի, ընձառյուծների, հովազների, լուսանների, պումաների կամ այս տեսակների ցանկացած հիբրիդների վրա, որոնք պահվում են որպես տնային կենդանիներ:
Սենատում քվեարկության օրը դեռ որոշված չէ:
Անցյալ տարի Netflix-ի հիթ դարձած «Վագրերի արքան» վավերագրական ֆիլմաշարը պատմում է ԱՄՆ Օկլահոմա նահանգի կենդանաբանական այգու սեփականատեր Ջո Էկզոտիկի կյանքի մասին:
Էկզոտիկը, որի իսկական անունը Ջոզեֆ Մալդոնադո-Պասաժ է, այժմ կրում է 22 տարվա պատիժ՝ պատվիրված սպանության մեջ ներգրավվածության եւ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: