Ջո Բայդենն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավճիռն արդար է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավճիռն արդար է անվանել։
«Ոչինչ չի կարող հետ բերել կորցրածը, բայց գոնե այսօր արդար դատավճիռ կայացվեց»,-Ֆլոյդի եղբորը հեռախոսով ասել է Բայդենը:
Հեռախոսազրույցի տեսագրությունը Twitter-ում տեղադրել է Ֆլոյդի ընտանիքի փաստաբան Բեն Քրամփը:
Ավելի ուշ դատավճռի կապակցությամբ ուղերձի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի դատապարտումը «ԱՄՆ-ում դեպի արդարադատություն արված մեծ քայլ էր»։ Նա կոչ է արել «օգտվել պահից և ոստիկանության համակարգում բարեփոխումներ իրականացնել»։
«Ոչ ոք չպետք է օրենքից վեր լինի, և այսօրվա դատավճիռը դրա ապացույցն է, բայց դա բավարար չէ։ Պետք է շարունակել պայքարել ոստիկանական գործունեության մեջ առկա համակարգային ռասիզմի և ռասայական անհավասարության դեմ»,- Սպիտակ տանը ելույթի ժամանակ հայտարարել Է Բայդենը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի դատարանը աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանության համար բոլոր կետերով մեղավոր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Դերեկ Չաուվինին․ նախկին ոստիկանը կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: 2020-ի մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները, որ շնչահեղձ է լինում:
Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար: