Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրում ռուս զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման հարցով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն չի բացառել, որ երկրում ռուս զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման հարցերի քննարկման նպատակով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա, հաղորդում է ТАСС-ը:
«Ռուսաստանը Թուրքիայում կորոնավիրուսի ցուցանիշների աճի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մեր երկրի հետ: Պարոն Պուտինն այս հարցով հեռախոսազրույց է ունեցել մեր նախագահի հետ: Այս որոշման ետևում քաղաքական ենթատեքստ չկա: Նախորդ տարի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նվազումից հետո մենք Գերմանիայի հետ զբոսաշրջության կազմակերպման առումով մոդել ստեղծեցինք: Մենք մեկնելու ենք Մոսկվա, որպեսզի համագործակցության այդ մոդելը ներկայացնենք»,- Haber Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Չավուշօղլուն:
Բայց մինչ այդ, ըստ Չավուշօղլուի, սկզբում պետք է Թուրքիայիում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազեն: Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է նաև, որ Անկարայում սպասում են ռուսական պատվիրակության այցին, որը պետք է ծանոթանա զբոսաշրջային գոտիներում հանգստի մեկնողների անվտանգությունն ապահովելու միջոցառումներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ՝ այդ երկրում կորոնավիրուսային վարակների թվի աճի պատճառով: Երկրների միջև ավիահաղորդակցությունը կսահմանափակվի շաբաթական երկու՝ Մոսկվա-Ստամբուլ և Ստամբուլ-Մոսկվա չվերթներով:
Ռուսաստանի այս որոշումը հաջորդեց Անկարայում Ուրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահի՝ Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին հակասող հայտարարություններից հետո: