Ո՞վ ժամանակ ունի սիրահարված լինելու. Դանիել Պեննակ
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակ է: (Ինչպես, ի միջի այլոց, և գրելու ժամանակը, և սիրելու ժամանակը):
Գողացված ու՞մից: Ասենք, ապրելու պարտականությունից: Դա է, անկասկած, պատճառը, որ մետրոն՝ հիշատակված պարտականության կայուն խորհրդանիշը, աշխարհում ամենամեծ ընթերցասրահն է: Կարդալու ժամանակը, ինչպես և սիրելու ժամանակը, ընդլայնում է րոպեներից և ժամերից բաղկացած ժամանակը: Եթե հարկ լիներ սերը դիտարկել ժամանակը բաշխելու տեսանկյունից, ո՞վ կխիզախեր դրան: Ո՞վ ժամանակ ունի սիրահարված լինելու: Մինչդեռ, որևէ մեկը երբևէ տեսե՞լ է սիրահարվածի, որը ժամանակ չունենար սիրելու: Ես երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, սակայն ոչինչ ինձ երբեք չի խանգարել կարդալ հավանածս վեպը: Կարդալը ոչ մի ձևով կապված չէ հասարակության կյանքի կանոնակարգի հետ. այն, ինչպես սերը, պարզապես կենսակերպ է:
Իսկ եթե հիշենք մեր պապերի սերունդը, նրանց համար ավելի պարզ էր. աղջիկներին ընդհանրապես կարդալն արգելված էր:
- Այդպես էլ կար: Հատկապես վեպերը.«դատարկ զառանցանքներ, հնարովի բաներ»: Վախենում էին, որ կխանգարի ամուսնությանը...