«Ժամանակակից Թուրքիայի քարտեզի տակ թաքնված է պատմական Հայաստանի քարտեզը»․ FOX 11-ը ռեպորտաժ է պատրաստել «Թաքնված քարտեզ» ֆիլմի մասին (տեսանյութ)
FOX 11 Los Angeles հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախաշեմին «Թաքնված քարտեզ» ֆիլմի և դրա ստեղծման նախապատմության մասին ռեպորտաժ է պատրաստել։
2019-ին թողարկված «Թաքնված քարտեզ»-ը պատմություն է Լոս Անջելեսում բնակվող կինոռեժիսոր, Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհու՝ Անի Հովհաննիսյանի մասին, որը մեծացել է` իր պապի և տատի պատմությունները լսելով։
Ֆիլմի հերոսուհու՝ հայկական արմատների որոնումները սկսվել են 2012-ին, վերջինիս խոսքով՝ «ցանկանում էր տեսնել իր պապի և տատի պատմած եկեղեցիները, քաղաքները, տները»։
«Բայց ես գտա միայն դրանց ավերակները»,- նշում է հայազգի կինոռեժիսորը՝ ընդգծելով, որ թուրքական կառավարությունը մինչ օրս անում է ամեն ինչ հազարավոր հայկական եկեղեցիների, վանքերի, գյուղերի և առհասարակ հայերի անցյալի հետքերը ջնջելու համար։
Հատկանշական է, որ իր ճանապարհորդության ընթացքում Հովհաննիսյանի համար շրջադարձային է դարձել շվեդ հետազոտողի հետ հանդիպումը։
«Տեսա՝ ինչպես է մի օտարերկրացի տղամարդ լուսանկարում հին հայկական տունը։ Ինձ դա տարօրինակ թվաց, քանի որ հայերից բացի դա քչերի կարող էր հետաքրքրել»,- նրա հետ հանդիպման մասին պատմել է Հովհաննիսյանը։
Ավելի ուշ պարզվել է՝ շոտլանդացի Սթիվեն Սիմը տասնամյակներ շարունակ ճանապարհորդում է ներկայիս Թուրքիայի տարածքում և փաստաթղթավորում պատմական Հայաստանի անհետացող հետքերը։
«Ես այստեղ եմ, որպեսզի տեսնեմ բոլոր հին հայկական շենքերի և եկեղեցիների մնացորդները, որովհետև դրանք չեն պահպանվել, ապագայում ոչինչ չի մնա»,-ասել Է Սթիվեն Սիմը «Թաքնված քարտեզ» ֆիլմում:
Հայտնի է, որ 2014-ին զույգը միասին է ճանապարհորդել ներկայիս Թուրքիայի տարածք, ինչի արդյունքում էլ ծնվել է ֆիլմը։
«Հայաստանն ու հայկական մշակույթը ծնվել են ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքում, և հազարավոր տարիներ հայերը բարգավաճել են այստեղ և փորձել են գոյատևել մինչև 1915 թվականը։ Ժամանակակից Թուրքիայի քարտեզի տակ թաքնված է պատմական Հայաստանի քարտեզը», -ֆիլմում նշել է Սթիվեն Սիմը։
Ռեպորտաժում կինոռեժիսոր Անի Հովհաննիսյանը պատմում է՝ իր ճանապարհորդության ընթացքում մեծ անակնկալ էր հադիպել թուրքերի և քրդերի, որոնք խոստովանում էին՝ ապրում են հայկական հողերի վրա։ Նրա խոսքով՝ ոմանք նույնիսկ համարձակություն էին ունենում արտաբերել «ցեղասպանություն» բառը։