ԱՄՆ պետքարտուղարն ասել է` որն է ՌԴ-ի հետ «հակամարտության նոր թատերաբեմ»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Արկտիկայում «հակամարտության նոր թատերաբեմ» կարող է առաջանալ Ռուսաստանի աճող դերի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքից:
«Կլիմայի փոփոխությունը կարող է ստեղծել հակամարտության նոր թատերաբեմեր: Փետրվարին ռուսական գազային տանկերը պատմության մեջ առաջին անգամ նավարկել է Արկտիկայի հյուսիսային ծովային երթուղով: Այս երթուղին մինչև վերջերս անցանելի էր տարվա մեջ ընդամենը մի քանի շաբաթ: Բայց քանի որ Արկտիկան տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ, անցանելիության ժամանակաշրջանի տևողությունը ավելանում է»,-ասել է Բլինկենը:
Պետքարտուղարի խոսքերով` Ռուսաստանը «շահագործում է այդ փոփոխությունները՝ փորձելով վերահսկողություն հաստատել նոր տարածքների վրա, արդիականացնելով իր հենակետերն Արկտիկայում և կառուցելով նորերը, ներառյալ Ալյասկայից 300 մղոն հեռավորության վրա»:
Բլինկենի խոսքերով` Չինաստանը նույնպես ավելացնում է իր ներկայությունը Արկտիկայում: