Թրամփը հայտարարել է, որ «ամենայն լրջությամբ» է դիտարկում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կրկին պայքարելու հնարավորությունը (տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամենայն լրջությամբ է դիտարկում 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Առաջին հերթին կցանկանայի ասել՝ դրան դեռ շատ կա»,- նշել Է Թրամփը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք դիտարկում է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։
Ընդ որում, Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ ելնելով վերջին ընտրությունների արդյունքներից, որի ժամանակ նա ստացել էր ավելի քան 75 մլն ամերիկացիների ձայները, կարող է վստահորեն ասել՝ վայելում է հանրության մեծ մասի աջակցությունը։
«Ահա թե ինչ կասեմ. ես դրան վերաբերվում եմ ամենայն լրջությամբ (հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարին- Tert.am), բայց իրավական տեսանկյունից ես դեռ չէի ցանկանա այս թեմայի շուրջ ավելին ասել», - ընդգծել Է Թրամփը։