Արդեն պատրաստ է ԲՀԿ նախընտրական ծրագիրը. Գագիկ Ծառուկյանը ուսման վարձերի հետ կապված շատ հետաքրքրիր ծրագիր ունի, իսկ այսօր այդ խնդիրը երկրի ամենացավոտ հարցերից մեկն է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք տեղեկացրել ենք, որ արդեն պատրաստ է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, անձամբ կազմել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա, նախօրեին Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել ծրագրի նախնական տարբերակի դրույթներից մի քանիսը, որոնք վերաբերում են ուսանողներին եւ երիտասարդներին:
Հանդիպման ժամանակ մասնավորաբար խոսվել է ուսման վարձերի մասին, որն այսօր մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկն է: Ծառուկյանն ասել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է այնպիսի համակարգ, որը գործում է եվրոպական մի շարք երկրներում, երբ պետությունը պայմանագիր է կնքում ուսանողի հետ, ապահովում է վերջինիս կրթությունը, ապա և աշխատանքը, իսկ ուսանողն ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում կմարի այդ պարտքը: Սա հնարավորություն կտա, որ սոցիալական վիճակի պատճառով որեւէ մեկը չզրկվի կրթությունից, մյուս կողմից՝ մարդիկ ստիպված չեն լինի բարձր տոկոսներով վարկեր ձեւակերպել ուսման վարձը վճարելու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն ներկայիս ուսանողների ու նրանց ծնողների, այլեւ նրանց շրջանում, որոնց զավակները առաջիկա տարիներին ուսանող են դառնալու:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու։ Իսկ թե ինչ անակնկալներ` այս պահին հրաժարվում են բացել փակագծերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: