Հավակնորդների մրցաշարը վերսկսվեց 1 տարվա դադարից հետո
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը վերսկսվել է մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշարում ապրիլի 19-ին անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները:
Միանձնյա առաջատար դարձած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ, իսկ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը սևերով պարտել է իր հայրենակից Կիրիլ Ալեքսեենկոյին: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սպիտակներով ուժեղ է գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից, իսկ չինացիներ Վան Հաոյի ու Դին Լիրենի պարտիայում հաղթող չի եղել:
8-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին ունի 5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան՝ 4.5-ական: Անիշ Գիրին ու Վան Հաոն հավաքել են 4-ական միավոր, Ալեքսանդր Գրիշչուկը և Կիրիլ Ալեքսեենկոն՝ 4-ական, իսկ Դին Լիրենը՝ 3.5:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարը դադարեցվել էր 2020 թվականի մարտին:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում նախատեսված է անցկացնել 14 տուր: Հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։