«Դանդաղ, բայց մաքուր քայլերով եմ փորձել առաջ գնալ». Աստղիկ Սաֆարյանի նոր CD-ի շնորհանդեսն ու միջոցառման հայտնի հյուրերը
Ապրիլի 18-ին, կայացավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով չորրորդ` «Դու ուժեղ ես» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի ընթացքում երգչուհին տոնեց նաեւ իր բեմական գործունեության 15-ամյակը: Աստղիկը նկատեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ` 14 տարի առաջ հենց այդ օրն էր ստացել «Տարվա հայտնություն» մրցանակը:
«Չգիտեմ` ինչպես է համընկել, որ հենց այս օրն էր դա եղել, բայց մի պահ հիշեցի ու ուրախացա, որ 14 տարի առաջ ես ճանաչվել էի «Տարվա հայտնություն», իսկ այսօր արդեն իմ 4-րդ ձայնասկավառակն եմ ներկայացնում, ունեմ երաժշտական բազմաթիվ պատմություններ... Իհարկե, կարող էր ավելի շատ բան լինել, ունեցել եմ այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով` թռիչքային արագությամբ առաջ կգնայի, բայց եթե դա վնասելու էր իմ կերպարին ու իմիջին, գերադասել եմ չընտրել այդ ուղին. դանդաղ, բայց մաքուր քայլերով եմ փորձել առաջ գնալ: Այս բնագավառին ես երբեք չեմ վերաբերվել` որպես շոու-բիզնեսի, սա ինձ համար երգարվեստ է»,-նշեց երգչուհին:
«Դու ուժեղ ես» ձայնասկավառակը ներառում է 11 երգ, որոնցից 3-ը ներկայացված են տեսահոլովակով: Երգացանկի զգալի մասի հեղինակը հենց ինքը` Աստղիկն է: Անդրադառնալով CD թողարկելու նշանակությանը` երգչուհին նշեց, որ այս ժամանակաշրջանում, երբ ձայնասկավառակն այլեւս ակտուալ չի թվում, սա արվել է` որպես հատուկ քայլ.
«Բոլորս էլ գիտենք, որ ձայնասկավառակներն այլեւս ակտուալ չեն մեր իրականության մեջ: Իհարկե, ձայնասկավառակն արդեն հասանելի է բոլոր թվային հարթակներում, բայց սա մի քայլ էր իմ կողմից, որ մեզ համար ծանր ժամանակաշրջանից հետո ոգեշնչեմ շատերին, որ անկախ ամեն ինչից` մենք պետք է շարունակենք աշխատել: Ձայնասկավառակի մեջ ներառված են այնպիսի երգեր, որոնք ոգեշնչող են, դրա համար էլ այն անվանել ենք «Դու ուժեղ ես»: Ուժեղ լինելն այս շրջանում հենց այն է, ինչի կարիքը մենք ունենք»:
Երեկոն չսահմանափակվեց միայն ձայնասկավառակի շնորհանդեսով. երգչուհին իր բեմական գործունեության 15-ամյակն ամփոփեց համերգային ծրագրով` ներկայացնելով ինչպես նոր, այնպես էլ` հին ու սիրված երգեր: Համերգային ծրագրից հետո տեղի ունեցավ նաեւ անակնկալ խաղարկություն, որի ընթացքում հյուրերին բաժանվեցին նվերներ:
Միջոցառմանը ներկա էին Աստղիկի ամենամտերիմ գործընկերները, իսկ երեկոյի dress code-ը կարմիր եւ սպիտակ գույների մեջ էր: Մյուս մանրամասները` ֆոտոռեպորտաժում: