ԵԱ. Արման Անդրեասյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) չկարողացավ նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 19-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:
2 հաղթանակ տանելուց հետո հայ ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց ռուս Իսրաիլ Կասումովի հետ և պարտվեց 3:5 հաշվով:
Գոտեմարտի սկզբնամասում ռուս ըմբիշը վաստակեց 4 միավոր, իսկ առաջին մրցափուլի վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչը մրցակցին դուրս հանեց գորգից և կրճատեց հաշիվը: Երկրորդ մրցափուլում ըմբիշները երկար ժամանակ չէին կարողանում միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ Անդրեասյանը գցեց մրցակցին և հավաքեց ևս 2 միավոր, սակայն չհասցրեց նաև գլորում կատարել և պարտվեց: Հայաստանի թիմը բողոքարկեց: Բողոքը չբավարարվեց և Իսրաիլ Կասումովին շնորհվեց ևս մեկ միավոր՝ 5:3:
Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լիտվացի Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա մրցել էր լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթել 10:5 հաշվով:
Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ ևս 2 ներկայացուցիչներ՝ Գևորգ Թադևոսյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Գևորգ Թադևոսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին և լքել պայքարը: Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի նկատմամբ 10:0 հաշվով հաղթանակով, սակայն հաջորդ փուլում պարտվել էր Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին՝ 1:11:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), որը պայքարի մեջ կմտնի ապրիլի 20-ին՝ 1/8 եզրափակիչում գոտեմարտելով ռուս Ռազամբեկ Ժամալովի հետ: Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: