Ամուսնու մահից հետո Էլիզաբեթ 2-րդը վերջին 70 տարում առաջին անգամ իր տարեդարձը կնշի միայնակ (լուսանկարներ)
Այս շաբաթ վերջին 7 տասնամյակում առաջին անգամ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր ծննդյան տարեդարձը (ապրիլի 21-ին-Խմբ.) կնշի միայնակ`առանց հանգուցյալ ամուսնու՝ Էդինբուրգի նախկին դուքս արքայազն Ֆիլիպի, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Թագուհին իր ծննդյան տարեդարձը դիմավորելու է Վինձորի ամրոցում` միայնակ։ Բացի այդ, ծննդյան առթիվ նոր դիմանկար չի հրապարակվի, քանի որ թագուհին դեռևս սգի մեջ է։
Հայտնի է, որ պետական սուգը կավարտվի թագուհու ծննդյան տարեդարձից մեկ օր անց, իսկ առաջին հասարակական միջոցառումը, որին նա կմասնակցի կլինի խորհրդարանի պետական բացման արարողությունը` մայիսի 11-ին։ Արարաողությանը Էլիզաբեթ 2-րդը մասնակցելու է ավագ որդու՝ գահաժառանգ արքայազն Չարլզի հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում, որը գտնվում է միապետի լոնդոնյան նստավայրից ոչ շատ հեռու:
Հուղարկավորության ավարտին եկեղեցական երգչախումբը կատարել է «Աստված, պահպանի՛ր թագուհուն» թագավորական օրհներգը, որից հետո միապետական ընտանիքի անդամները հեռացել են մատուռից: Նրանց մատուռից դուրս գալիս առաջնորդել է թագուհին, որին հետևել են Ուելսի արքայազն Չարլզը և Քորնուելի դքսուհին Կամիլան:
Հայտնի է, որ Սասեքսի դուքսը և Քեմբրիջի դուքսն ու դքսուհին միասին են հեռացել արարողության ավարտին: Դագաղը՝ մարմարե պատվանդանով հանդերձ, հատուկ վերելակի օգնությամբ իջեցրել են ստորգետնյա թագավորական դամբարանը, որը ժամանակավոր հանգրվան է լինելու արքայազն Ֆիլիպի համար:
Ինչպես նշվում է, թագուհու մահից հետո վերջինիս կվերահուղարկավորեն նրա հետ միասին մատուռի այն հատվածում, որտեղ հանգչում են Էլիզաբեթ Երկրորդի հայրը՝ Գեորգ VI-ը, նրա կինը, ինչպես նաև թագուհու կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգըրեթը:
Հիշեցնենք, որ արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Վինձորի ամրոցում»։
Արքայազն Ֆիլիպը, որը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է, մահացել է 99 տարեկանում։