1 օրում` մահվան 318 դեպք. Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի օրական ցուցանիշի ռեկորդ է գրանցվել
Թուրքիայում արձանագրվել է օրվա կտրվածքով կորոնավիրուսի հետևանքով մահերի ռեկորդային թիվ, հայտնում է Ahval-ը։
Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 318 դեպք։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 84 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 55 802 նոր դեպք, ինչով երկիրը զբաղեցնում է վարակակիրների թվով 4-րդ տեղն աշխարհում։
Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչանի հրապարակած քարտեզի համաձայն՝ ամեն 100 հազար մարդուց վարակվում է 920-ը՝ նախորդ շաբաթվա 804-ի փոխարեն։ Վարակակիրների թվով առաջատար քաղաքներից է Ստամբուլը։
Վարակի տարածման ֆոնին երկրում խստացվել էին սահմանափակումները։ Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկշաբաթյա ավելի երկար երեկոյան պարետային ժամի մասին, որը սկսվել էր չորեքշաբթի օրը՝ համընկնելով մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա մեկնարկի հետ: