116 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակիչը
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում մահացել է Միացյալ Նահանգների ամենատարեց բնակիչը, հայտնում է Associated Press-ը։
Ըստ տարբեր աղբյուրների՝ Հեսթեր Ֆորդը ծնվել է 1904 կամ 1905 թվականներին։ 2020 թվականի ամռանն իր ընտանիքը նշել է Ֆորդի 116-ամյակը, սակայն Gerontology Research Group-ի տվյալներով` կինն ապրել է 115 տարի և 245 օր։
Ամերիկուհին ամուսնացել է 14 տարեկանում և մեկ տարի անց լույս աշխարհ բերել իր առաջնեկին։ Նա ունեցել է 12 երեխա, 68 թոռ, 125 ծոռ և ծոռների ավելի քան 120 երեխա։ Մինչև 108 տարեկանը կինն ապրել է իր տանը և երբեք հիվանդանոցում չի հայտնվել։ Մինչև կորոնավիրուսային համավարակի տարածումը նա ամեն կիրակի այցելել է եկեղեցի։
Կնոջ մահից հետո Միացյալ Նահանգներում ամենատարեց մարդկանց ցուցակը գլխավորում են Թելմա Սութքլիֆը և Մարիա Բրանաս Մորերան, որոնք երկուսն էլ 114 տարեկան են։