Արքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին իր պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից անմիջապես հետո առանձնազրույց է ունեցել եղբոր՝ արքայազն Ուիլյամի և հոր՝ արքայազն Չարլզի հետ, իր աղբյուրներին հղումով հայտնում է Sun-ը։
Պարբերականը նշում է, որ եղբայրների և հոր հանդիպումը տեղի է ունեցել ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին արքայազն Հարիի և նրա կնոջ տված աղմկահարուց հարցազրույցից հետո առաջին անգամ։
Նշվում է, որ Վինձորի ամրոցում տեղի ունեցած հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։
Աղբյուրի խոսքով՝ հայտնի չէ՝ «փակ դռների հետևում» ինչի մասին են խոսել հարազատները, սակայն պնդել է, որ «նրանք անկեղծ զրույց են ունեցել»։
Արքայազն Հարին, ինչպես գրում է պարբերականը, կարող է նաև փոխել իր պլանները և թագուհի Էլիզաբեթ 2-րդի 95-ամյակի առթիվ Մեծ Բրիտանիայում մնալ մինչև չորեքշաբթի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրենց պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո արքայազններ Ուիլյամն ու Հարին միասին են լքել Սուրբ Ջորջի մատուռը։
ԶԼՄ-ներում հայտնված տեսանյութերում երևում է՝ ինչպես են արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ճանապարհին շփվում արքայազն Հարիի հետ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում, որը գտնվում է միապետի լոնդոնյան նստավայրից ոչ շատ հեռու:
Էդինբուրգի դուքս Ֆիլիպի դագաղը՝ մարմարե պատվանդանով հանդերձ, հատուկ վերելակի օգնությամբ իջեցրել են ստորգետնյա թագավորական դամբարանը, որը ժամանակավոր հանգրվան է լինելու արքայազն Ֆիլիպի համար: Ինչպես նշվում է, թագուհու մահից հետո վերջինիս կվերահուղարկավորեն նրա հետ միասին մատուռի այն հատվածում, որտեղ հանգչում են Էլիզաբեթ Երկրորդի հայրը՝ Գեորգ VI-ը, նրա կինը, ինչպես նաև թագուհու կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգարեթը:
Հիշեցնենք, որ Էդինբուրգի դուքսը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին՝ 99 տարեկան հասակում: