ԱՄՆ Պետդեպը սուտ է անվանել հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն ներգրավված է Լուկաշենկոյի դեմ մահափորձի կազմակերպմանը
ԱՄՆ-ն ներգրավված չէ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերացնելու նպատակով կազմակերպված որևէ դավադրության: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք տեսել ենք Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունն Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ենթադրյալ դավադրության մասին, ինչպես նաև նրա անմիջական պնդումները: Ցանկացած ենթադրություն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը կանգնած է եղել դրա հետևում կամ ներգրավված է Լուկաշենկոյի դեմ մահափորձի կազմակերպմանը, բացարձակ սուտ է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Մեկնաբանելով Լուկաշենկոյի դեմ մահափորձի կազմակերպման համար ԱՄՆ-ի և Բելառուսի քաղաքացիություն ունեցող փաստաբան Յուրի Զենկովիչի ձերբակալման մասին լուրը՝ պաշտոնյան հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է իր քաղաքացուն խորհրդատվական աջակցություն տրամադրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը երկու մարդու է ձերբակալել, որոնք ռազմական հեղաշրջում էին նախապատրաստում Բելառուսում, ինչպես նաև Բելառուսի նախագահի դեմ մահափորձ:
Իր և իր երեխաների դեմ նախապատրաստվող մահափորձի մասին նախօրեին հայտնել էր նաև Լուկաշենկոն: