Լոռու մարզում ՊՆ ծառայողը «Նիվայով» բախվել է Mitsibishi Pajero-ին և Volkswagen-ին. կա 1 զոհ, 8 վիրավոր
Ապրիլի 18-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հաղորդում է shamshyan.com-ը:
Ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsibishi Pajero մակնիշի ավտոմեքենային և Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Ղազանչյանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն, վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը, վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Հ. Գաբրիելյանը, նրա ուղևորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Volkswagen-ի միջից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում:
Ժամը 22:40-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված, 57-ամյա Ա. Ղազանչյանը մահացել է: