Ամերիկացի սենատոր Վեն Հոլենը խոսել է Հայաստանի, Սիրիայի, Հունաստանի ու Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիայի մասին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Վեն Հոլենը, դիմելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդին, բարձրաձայնել է Հայաստանի, Սիրիայի, Հունաստանի ու Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիայի թեմայի մասին:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք Թուրքիան գնել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրի օդային տարածքը՝ ներխուժելով Հունաստանի, Կիպրոսի ջրային տարածքներ, Թուրքիան Էրդողանի ղեկավարմամբ հարձակումներ է իրականացրել Սիրիայի քրդերի և Հայաստանի դեմ: Ինձ համար Թուրքիան ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից չէ»,- հայտարարել է սենատորը՝ հարց ուղղելով Նուլանդին, թե ինչպե՞ս պետք է ԱՄՆ իշխանությունը դիմակայի Թուրքիայի նետած մարտահրավերներին:
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ դրանք Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում ամենաբարդ հարաբերություններն են, որոնց հետ շատ աշխատանք պետք է տարվի: Նրա խոսքով՝ S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնումը մտահոգիչ խնդիր է: Թուրքիայի դեմ ճնշումները պետք է շարունակվեն այս և այլ հարցերում, ինչպիսիք են երկրի ներսում ժողովրդավարության, մարդու իրավունքների ոտնահարման, մամուլի ազատության, Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը:
Նուլանդը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ներսում պետք է քննարկվի դաշինքի անդամ երկրների արժեքների թեման: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է պաշտպանեն ազատությունն ու ժողովրդավարությունը: