Ֆլիկը հայտարարել է ամռանը «Բավարիայից» հեռանալու մասին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Վոլֆսբուրգին» 3։2 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, որ ամռանը կհեռանա պաշտոնից։
«Այսօր ես թիմին հայտնեցի, որ մտադիր եմ ամռանը հեռանալ։ Ցանկանում եմ խզել պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո։ Կարեւոր էր, որ թիմն այդ մասին իմանար ինձնից։
Հեռանալու ցանկությանս մասին ակումբի ղեկավարությանը հայտնել եմ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որը հնարավորություն տվեց ինձ մարզել այս անհավանական թիմը»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Սպասվում է, որ ամռանը Ֆլիկը կգլխավորի Գերմանիայի հավաքականը՝ փոխարինելով Յոահիմ Լյովին։
Ֆլիկը «Բավարիան» գլխավորում է 2019թ․ նոյեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։