Բաշար Ասադ. Մենք կվերականգնենք ինքնիշխանությունը մեր ողջ երկրում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, խոսելով անկախության 75-րդ տարեդարձի՝ ֆրանսիական եւ բրիտանական գաղութարար զորքերի տարհանման օրվա կապակցությամբ, հայտարարել է երկրի ամբողջ տարածքում ազգային ինքնիշխանությունը վերականգնելու վճռական մտադրության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
Ասադի խոսքով՝ իսկական անկախությունը մեզ համար կգա, երբ բոլոր օտարերկրյա զորքերը դուրս բերվեն Սիրիայից, ինքնիշխանությունը կվերականգնվի ամբողջ երկրի տարածքում: Սիրիայի առաջնորդն այցելել է տարածք, որտեղ տեղակայված է զորամասերից մեկը եւ զրուցել է զինվորների ու սպաների հետ:
Իր հերթին, պաշտոնաթող գեներալ եւ ռազմական փորձագետ Սաիդ Ահմեդը մատնանշել է սիրիացի զինվորների սխրանքը, ովքեր պայքարում են Սիրիայի վրա հարձակված ահաբեկչական խմբավորումների դեմ: «Երիտասարդ սերունդը ցուցաբերում է կայունություն եւ բարոյական բարձր հատկանիշներ՝ պաշտպանելով Սիրիայի տարածքային միասնությունը»,- ընդգծել է նա: