«Ստամբուլ» ջրանցքի կառուցմամբ Թուրքիան փորձում է էապես ավելացնել իր ազդեցությունը սևծովյան տարածաշրջանում. փորձագետ
Թուրքիայի կողմից «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը մի շարք մարտահրավերներ է առաջացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Մելիքյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս արած հայտարարությանը, ըստ որի՝ Թուրքիան մոտ ապագայում Բոսֆորը շրջանցող ջրանցք է կառուցելու, որը կապելու է Մարմարա և Սև ծովերը:
«Նախ նշեմ, որ ջրանցք կառուցելու նախագիծը նոր չէ: Այդ մասին Էրդողանն առաջին անգամ հայտարարել էր 2011թ.-ին, երբ դեռևս զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը: 2018-ին հաստատվեց ապագա ջրանցքի երթուղին, իսկ վերջերս հաստատվեց դրա կառուցման ծրագիրը»,- նշեց փորձագետ:
«Այն իրենից ներկայացնելու է Մարմարա և Սև ծովերը կապող նավարկելի արհեստական ջրանցք, որը փաստացի դառնալու է Եվրոպայի գլխավոր տրանսպորտային զարկերակներից մեկի՝ Բոսֆորի այլընտրանքային ուղին: Թուրքական իշխանությունները նշում են, որ Ստամբուլի ջրանցքը նախևառաջ կառուցվելու է Բոսֆորը բեռնաթափելու համար, որի միջով տարեկան անցնում է միջինը 43 հազար նավ, ինչն էլ իր հերթին նավարկելու համար դժվարություններ է առաջացնում»,- ասաց Ա. Մելիքյանը:
Ըստ փորձագետի՝ առաջին հայացքից թվում է, որ արտառոց ոչինչ չկա, սակայն հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Թուրքիան անընդհատ բարձրաձայնում է այն մասին, որ Մոնտրոյի կոնվենցիան չի տարածվելու «Ստամբուլ» ջրանցքի վրա:
«1936թ.-ին ընդունված Մոնտրոյի կոնվենցիան սահմանում է սևծովյան և ոչ սևծովյան պետությունների առևտրանավերի և ռազմանավերի ազատ անցման դրույթները նեղուցներով թե՛ խաղաղ և թե՛ ռազմական ժամանակաշրջանում: Սակայն եթե սևծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով անցկացնել ցանկացած կարգի ռազմանավեր՝ պայմանով, որ նախապես Թուրքիայի իշխանություններին կծանուցեն այդ մասին, ապա ոչ սևծովյան տերությունների (օրինակ՝ ԱՄՆ-ի) ռազմանավերի համար գործում են էական սահմանափակումներ թե՛ կարգի, թե՛ տոննաժի առումով »,- հստակեցրեց փորձագետը:
Նրա խոսքով՝ «Ստամբուլ» կոչվող նոր ջրանցքի գործարկումից հետո իրավիճակն ամբողջությամբ փոխվելու է:
«Նոր ջրանցքը, որի վրա չի տարածվելու այս կոնվենցիան, փոխելու է սևծովյան տարաշրջանի ողջ դրությունը: Նոր ջրանցքով Թուրքիան ինքնուրույն է որոշելու, թե կոնկրետ որ երկրի նավերը կարող են ազատ տեղաշարժվել իր վերահսկողության տակ գտնվող ջրերով: Եվ սա առաջին հերթին վերաբերելու է ԱՄՆ-ՆԱՏՕ նավերին: Այլ խոսքով ասած, եթե նախկինում ոչ սևծովյան տերությունների համար գործում էր սահմանափակումներ, ապա ջրանցքի կառուցումը կարող է հանգեցնել այդ երկրների նավերի՝ առաջին հերթին ռազմանավերի համար նախատեսված սահմանափակումների վերանայման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է նրան, որ էլ ավելի սրվեն Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները»,- նշեց փորձագետը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: