«Իսրայելն իսլամի թշնամին է»․ Էրդողանը դատապարտել է Գազայի հատվածի դեմ հարձակումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի ուղղությամբ Իսրայելի վերջին ավիահարվածի ֆոնին հայտարարել է, որ ինքը լավ գիտի, թե «ինչպես է Իսրայելն իսլամի թշնամին», հայտնում է Ahval-ը։
Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ պաղեստինցի գրոհայինները ուրբաթ օրը 24 ժամվա ընթացքում Գազայի շրջանից երկու հրթիռ են արձակել երկրի հարավային կողմի ուղղությամբ: Էրդողանն ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ իսրայելական գործողությունը հստակ ցույց է տալիս «Իսրայելի վերաբերմունքը մուսուլմաների նկատմամբ»։
«Մենք գիտենք, որ Իսրայելը իսլամի թշնամին է: Ցավոք, Իսրայելը չի փոխում այդ սովորությունը։ Մենք ցանկանում ենք, որ ամբողջ մարդկությունը ուշադիր հետևի իսլամի դեմ Իսրայելի թշնամանքին: Իհարկե, քանի դեռ Իսրայելը պահպանում է այս վերաբերմունքը, անհնար է, որ երկկողմ հարաբերությունները մեր ցանկացած մակարդակին հասնեն», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների վերաբերյալ և նշել, ու Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացված ավիահարվածները Իսրայելի կառավարության ագրեսիայի քաղաքականության վերջին օրինակն են։ Հայտարարությունում մտահոգություն է արտահայտվել Ռամադանի ընթացքում «Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ճնշման վերաբերյալ»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իսրայելի բանակի կործանիչներն ու ռազմական ուղղաթիռները ավիահարվածներ էին հասցրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» խմբավորման օբյեկտներին, որտեղ զենք-զինամթերք է արտադրվում, ինչպես նաև՝ այն թունելին, որը զենքի մաքսանենգ առևտրի համար է ծառայում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, որոնք երկար տարիներ դաշնակիցներ էին, սկսել են վատթարանալ 2010 թվականին, երբ իսրայելական «Մավի Մարմարա» նավատորմի արշավանքի ընթացքում սպանվել է 10 պաղեստինամետ ակտիվիստ, որոնց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ էին։