Քանի՞ հոգի կհասցնի պատվաստվել մինչև մայիսի 31-ը, և որքա՞ն գումար կընկնի ջուրը. «Հրապարակ»
«Արդեն 3-րդ օրն է՝ Հայաստանում մեկնարկել են «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով պատվաստումները: Ավելի վաղ հայտնի էր, որ Հայաստան է ներմուծվել 24 հազար դեղաչափ պատվաստանյութ, որի պահպանման ժամկետն ավարտվում է մայիսի վերջին, այսինքն՝ պատվաստումները կարող են անել մինչև մայիսի 31-ը՝ ընդամենը 45 օր, հետևաբար, օրական պետք է իրացվի առնվազն 500-600 դեղաչափ պատվաստանյութ:
Առողջապահության նախարարությունից, ի պատասխան հարցին, թե 3 օրվա ընթացքում քանի հոգի է պատվաստվել, ասացին, որ պատվաստումն իրականացնում են պոլիկլինիկաները, և իրենք օրական հաշվարկներին չեն տիրապետում, ստանում են վերջնական թիվը, պոլիկլինիկաներն էլ ոչ թե նախարարության, այլ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են: Մեզ ասացին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 24 պոլիկլինիկաներից 22-ը ստացել են պատվաստանյութ: Փորձեցինք այդ պոլիկլինիկաներից տեղեկանալ, թե քանի հոգու են արդեն պատվաստել, սակայն պատճառաբանեցին, թե պատվաստումները նոր են սկսել և թիվ չունեն, ու հրաժարվեցին մեզ նույնիսկ մոտավոր թիվ ասել:
Պոլիկլինիկաներից մեկի բժիշկը՝ Անահիտ Սարուխանյանը, անգամ հայտարարեց. «Ես ինձ թույլ չեմ տալիս հեռախոսով հարցերի պատասխանել», զուտ այն պատճառով, որ թիվ չասի:
Ինչևէ, իսկ մենք շարունակենք հաշվարկը: Ստացվում է, որ 24 հազար դեղաչափը 45 օրվա ընթացքում ծախսելու համար 22 պոլիկլինիկաներից յուրաքանչյուրը պետք է օրական առնվազն պատվաստի 24 քաղաքացու: Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը. ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է ընդամենը 60 քաղաքացի: Հատկանշական է նաև, որ մինչև պատվաստումն աշխատակիցներն ահռելի ծավալի աշխատանք պետք է կատարեն. պատվաստման ենթակա խմբում գտնվող քաղաքացիներին պարզեն, կապվեն նրանց հետ, հրավիրեն պատվաստման, իսկ մինչ պատվաստման սենյակ հասնելը՝ նրանցից յուրաքանչյուրի ընդհանուր առողջական վիճակը ստուգեն: Տվյալները ներառեն հատուկ թերթիկներում ու նաև տեղեկացնեն հնարավոր բարդությունների մասին: Եվ ամենակարևորը՝ միանգամից 8-10 մարդ պետք է պատրաստ լինի պատվաստվելու, քանի որ «Աստրազենեկայի» մեկ դեղաչափը նախատեսված է միանգամից այդքան պատվաստման համար:
Այժմ կատարենք հաշվարկ՝ ելնելով օրական պատվաստման 60 դեպքից, ինչ կլինի, եթե օրական Հայաստանում պատվաստվի ընդամենը 60 հոգի: Դա նշանակում է, որ երբ սպառվի պատվաստանյութի պիտանելիության ժամկետը, օգտագործված կլինի ընդամենը 2 հազար 700 դեղաչափ:
Ի՞նչ պիտի անեն մնացած 21 հազարից ավելի դեղաչափը, ճիշտ է՝ դեն նետեն: Դրա հետ միասին դեն նետեն նաև պետական գումարները, որը վճարվել է այս պատվաստանյութի համար:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ «Աստրազենեկայով» պատվաստվել ցանկացողների քանակը շատ փոքր է, այս պատվաստանյութի հանդեպ մեծ անվստահություն կա, և անգամ զանգել-համոզելը որևէ դեր չի խաղում, մարդիկ չեն ուզում իրենց կյանքը վտանգի տակ դնել:
Հերթական ավանտյուրան, որ նախաձեռնեց այս իշխանությունը՝ այս անգամ խաղալով հանրային առողջության հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։