ԱՄՆ-ում ուկրաինացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ամերիկյան ընկերությունների վրա կիբերհարձակումների համար
Վաշինգտոնի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի քաղաքացի Ֆյոդոր Գլադիրին մի շարք կիբերհարձակումների համար, որոնք ավելի քան 1 միլիարդ դոլար գումարի ֆինանսական վնաս են պատճառել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը:
Հայտարարությունում նշվում է, որ 35-ամյա Գլադիրը ղեկավարում էր FIN7 կոչվող հաքերային խմբավորումը, որին անդամակցում էր ավելի քան 70 մարդ: Կիբերհանցագործները հասանելիություն են ստացել հաճախորդների անձնական տվյալներին՝ կոտրելով ամերիկյան ընկերությունների համակարգերը: Գլադիրը ձերբակալվել էր Դրեզդենում 2018-ին և արտահանձնվել ԱՄՆ, իսկ 2019-ին նա իրեն մեղավոր էր ճանաչել:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը 2018-ի օգոստոսին հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրել երեք ուկրաինացիների ՝ Ֆեդոր Գլադիրին, Դմիտրի Ֆեդոտովին և Անդրեյ Կոլպակովին:
Ըստ դատախազության նյութերի ՝ FIN7 հաքերները գործել են ԱՄՆ ամբողջ տարածքում: Նրանց հաջողվել է ստանալ ավելի քան 20 միլիոն մարդու անձնական տվյալներ, իսկ տուժած ընկերությունների թվում են եղել Chipotle, Red Robin և Chili's արագ սննդի ամերիկյան ցանցերը: