Կուման․ Մեսին կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակիչում
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վստահություն է հայտնել, որ թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին առավելագույն օգուտ կտա Բիլբաոյի «Աթլետիկի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
«Մեսին պրոֆեսիոնալ է, որը հրաշալի է նույնիսկ մարզումներին։ Նա գիտի՝ ինչպես կատարյալ պատրաստվել կարեւորագույն հանդիպումներին։ Լիոնելը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակիչում։ Խաղացողների համար լրացուցիչ մոտիվացիայի անհրաժեշտություն չկա։ Նրանք ունեն փորձ եւ գիտեն՝ ինչ անել։
Նախորդ երկու հանդիպումներում թիմն առանց գնդակի գործողություններում ակտիվ չէր։ Դա կարող էր լինել ազգային հավաքականներում անցկացրած հանդիպումներից հետո հոգնածության հետեւանքով։ Վաղվա խաղում դա արդարացում չի լինի։
Մենք պետք է լինենք բարձրության վրա եւ ցուցադրենք մեր լավագույն խաղամակարդակը։ Մենք միշտ գրոհում ենք եւ ստեղծում թվային առավելություն առջեւում։ Պաշտպանությունը նույնպես կարեւոր է։ Բայց այս թիմի գլխավոր որակը գրոհելու ցանկությունն է»,- Կումանի խոսքը մեջբերում է AS-ը։
«Աթլետիկ» - «Բարսելոնա» եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 17-ին Սեւիլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։