«Կարծում ենք` տարածաշրջանում Իսրայելին աջակցելը վտանգավոր է». Ռոհանին դիմել է Էրդողանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել չսատարել Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությանը, հայտնում է Ahval-ը։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում Իսրայելին աջակցելը վտանգավոր է», - ասել է Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և խոսել տարածաշրջանում «անվտանգությանը, խաղաղությանը և կայունությանը» ուղղված համագործակցության մասին։
Այս կոչը հնչել է Նաթանզում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման ֆոնին։
Հիշեցնենք, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից կիրակի առավոտյան հայտնել էին միջուկային կառույցում տեղի ունեցած «ահաբեկչության» մասին, որից հետո երկրի իշխանություններն անհապաղ սկսել են հետաքննություն վարել կատարվածի շուրջ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ կարծիք է հայտնել, որ Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:
Թուրքիան և Իսրայելը ներկայում նույնպես լարված հարաբերություններ ունեն, ինչը կապված է Միջերկրական ծովում առկա շահերի բախման հետ։ Իսրայելը համագործակցում է Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ՝ բնական գազի ծովային հանքավայրերի ձեռքբերման հարցում։ Մինչդեռ Անկարան այս երկրների հետ այդ հարցով լուրջ հակասություններ ունի: