Որտեղ հնարավոր չէ հասնել սեփական ծրագրերի իրականացմանն օրինական ճանապարհներով, իշխանությունը դիմում է բացահայտ անօրինականությունների և քաղաքական հետապնդումների. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս իշխանությունը գերազանցեց բոլոր նախորդներին՝ իր անօրինականությամբ, կամայականությամբ, երկրի հանդեպ սպառողի պահվածքով։ Այնտեղ, որտեղ հնարավոր չէ հասնել սեփական ծրագրերի իրականացմանը օրինական ճանապարհներով, դիմում են բացահայտ անօրինականությունների և քաղաքական հետապնդումների։ Եվ ոչինչ չի կանգնեցնում նրանց․ ո՛չ միջազգային ու սեփական հանրության առջև պատասխանատվությունը, ո՛չ ամոթն ու բարոյականությունը, ո՛չ էլ երբևէ պատժվելու վախը։
Ընդամենը մի քանի ամիս առաջ, օրենքը տրորելով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դարձրին նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որի տարիքը չի համապատասխանում պաշտոնի պահանջներին։
Այն ժամանակ դեռ պարզ էր, որ իմաստը նրան ԲԴԽ նախագահ կարգելն է, բայց ԲԴԽ-ն միասնական էր և հակված չէր ակնհայտ ապօրինությունների, ուստի գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանին փոխելու օրինական ուղի չկար։ Եվ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կամակատար Հատուկ քննչական ծառայությանը հրահանգեց քրեական գործ հարուցել Վարդազարյանի նկատմամբ։
Ու չնայած գործի հարուցման համար ևս անհրաժեշտ էր ԲԴԽ համաձայնությունը՝ նրա անձեռնմխելիությունը դադարեցնելու համար, սակայն իրավապահներն անամոթաբար շրջանցեցին այդ պահանջը, իսկ դատախազությունը մի խայտառակ տեքստ տարածեց, թե դատավորի պարագայում առկա է 2 ռեժիմ․ «Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում»։
Դա նույնն է, որ պատգամավորի դեպքում ԱԺ մտնեն միայն նրա՝ պատգամավորական գործունեությանն առնչվող քրեական գործերի դեպքում։ Արդյունքում Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, և Գագիկ Ջհանգիրյանը փոխարինում է նրան»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։