Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն արդեն հարց է ներկայացրել Եվրահանձնաժողովին, որ պատշաճ արձագանքեն Ադրբեջանի կողմից «պուրակի» բացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆուրլասը նշեց. «Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Հագնելով զինվորական համազգեստ և կեցվածք ընդունելով ճակատամարտում զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտների առջև՝ նա տպավորություն է ստեղծում, որ պատերազմն ավարտված չէ, և ատելություն է սերմանում ժողովուրդների միջև: Ես արդեն հարց եմ ներկայացրել Եվրահանձնաժողովին, թե ինչպես է գործնականում մտադիր արձագանքել Ադրբեջանի նախագահի նողկալի գործողությանը: Դատապարտումը պետք է լինի հավաքական և տա ԵՄ միասնության ուղերձը: Բայց, դրանից դուրս, այն պետք է լինի գործնական և արդյունավետ»:
Ապրիլի 12-ին նա՝ որպես զեկուցող, մասնակցել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցով քննարկմանը, որին մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ֆուրլասը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանը, նշեց, որ անհետ կորածների ողբերգությունը պետք է անհապաղ ավարտվի:
«Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը: Հայ գերիների պահումը և վատ վերաբերմունքը պատերազմական հանցագործություն է, քանի որ բոլոր հայ գերիները օրինականորեն համարվում են «ռազմագերիներ»»,-նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։