Թայվանցին հանուն երկարատև վճարովի արձակուրդի 37 օրում 4 անգամ ամուսնացել և 3 անգամ ամուսնալուծվել է
Թայվանցին երկարատև վճարովի արձակուրդ ստանալու համար 37 օրում 4 անգամ ամուսնացել և 3 անգամ ամուսնալուծվել է։
Թայվանի աշխատանքային օրենսդրության համաձայն՝ ամուսնանալու դեպքում աշխատակիցներն իրավունք ունեն 8-օրյա վճարովի արձակուրդ գնալ։ Եվ հենց այս օրենքի շրջանակում էլ բանկերից մեկի անանուն աշխատակիցն անցյալ տարվա ապրիլի 6-ին ստացել է իր առաջին 8-օրյա արձակուրդը, որը սակայն, նրա պլանավորած երկարատև արձակուրդի միայն սկիզբն էր։
Ինչպես մանրամասնում է Oddity Central-ը, իր 8-օրյա արձակուրդի վերջին օրը տղամարդը բաժանվել է կնոջից և հաջորդ օրը կրկին ամուսնացել՝ ևս մեկ 8-օրյա վճարովի արձակուրդ ստանալու համար։ Ընդհանուր առմամբ՝ 37 օրում տղամարդն իր կնոջից բաժանվել է 3 և ամուսացել 4 անգամ՝ 32 օր վճարովի արձակուրդ ստանալու համար։
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել պատմության գլխավոր հերոսի համար, քանի որ բանկը, որտեղ նա աշխատել է, հրաժարվել է վճարել։
Նշվում է, որ թայվանցին դատարանում բողոք է ներկայացրել իր գործատուի դեմ՝ վերջինիս մեղադրելով «երկրի աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար»։ Դատարանը բավարարել է նրա հայցը՝ բանկին տուգանելով 700 դոլարով։