ԱՄՆ-ում 100 000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել սևամորթ տղամարդուն գնդակահարած կին ոստիկանը (լուսանկար)
ԱՄՆ Մինեսոտա նահանգում աֆրոամերիկացի Դանթե Ռայթին գնդակահարած նախկին ոստիկան Քիմ Փոթերն ազատ է արձակվել 100 000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց:
Այս մասին տեղեկանում ենք դատական փաստաթղթերից, որոնք հրապարակվել են Twitter-ում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան Մինեսոտա նահանգի հանցագործների ձերբակալման բյուրոյի աշխատակիցները ձերբակալել էին Փոթերին: Նրան մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի մարդասպանություն կատարելու համար և սպառնում է 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ մինչև 20 000 ԱՄՆ դոլարի չափով:
Փոթերն ազատ է արձակվել 100 000 ԱՄՆ դոլարի չափով գրավի դիմաց, իսկ գործով առաջին դատական նիստը պետք է կայանար հինգշաբթի:
Ավելի վաղ Մինեսոտայի ոստիկանությունը հայտնել էր, որ աշխատակիցը խլացնող ատրճանակը շփոթել է իրական ատրճանակի հետ և գնդակահարել աֆրոամերիկացի Դանթե Ռայթին, որը ձերբակալման պահին փախել էր իրավապահ մարմիններից: Աֆրոամերիկացու մահը բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել: Մինեսոտայի իշխանությունները պարզել են, որ Ռայթին գնդակահարել է Բրուքլինի կենտրոնի ոստիկանության 26-ամյա սպան՝ Քիմ Փոթերը:
Նշենք՝ սովորաբար, երկրորդ աստիճանի սպանությունը սահմանվում է սպանություն, որը կանխամտածված չէ, կամ սպանություն, որն առաջացել է հանցագործի անխոհեմ վարքից, որը ցույց է տալիս մարդկային կյանքի առնչությամբ մտահոգության ակնհայտ բացակայությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ճանապարհային երթևեկության խախտման համար ոստիկանությունը կանգնեցրել էր 20-ամյա Դանթե Ռայթի փոխադրամիջոցը: Վարորդի ինքնությունը ստուգելուց հետո պարզել են, որ նա հետախուզման մեջ է: Ռայթը հրաժարվել է ենթարկվել իրեն բերման ենթարկելու ցանկություն ունեցող ոստիկանության պահանջներին և կրկին փորձել է փախուստի դիմել, որից հետո ոստիկանության աշխատակիցներից մեկը կրակել է Ռայթի վրա: Նրա մեքենան մի քանի փողոց անցնելուց հետո բախվել է մեկ այլ մեքենայի: Վերջինիս կին վարորդը հոսպիտալացվել է:
Դեպքից հետո մոտ 500 մարդ հավաքվել է Բրուքլինի ոստիկանական բաժանմունքի մոտ: Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաղմկային նռնակներ, քանի որ նրանք չեն ենթարկվել իրավապահների պահանջներին ու մնացել են բաժանմունքի մոտ: