Ճապոնիայում չեն բացառել Օլիմպիական խաղերի չեղարկումը կորոնավիրուսի պատճառով
Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերը դեռևս կարող են չեղյալ հայտարարվել, եթե համավարակի հետ կապված իրավիճակն ավելի վատթարանա: Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Ճապոնիայում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Տոշիհիրո Նիկաին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
«Տոկիոյում Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու տարբերակը հնարավոր է, եթե կորոնավիրուսային վարակի տարածումը կազմակերպիչներին ստիպի մտածել, որ միջոցառման անցկացումը դժվար իրականանալի է»,-հայտարարել է Նիկաին:
Ավելի վաղ, պատվաստումների պատասխանատու Տարո Կոնոն հայտարարել էր, որ Խաղերը կարող են անցկացվել մարզական հաստատություններում առանց հանդիսականների՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Մարտի 20-ին հայտնի է դարձել, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց օտարազգի երկրպագուների: Կազմակերպիչները որոշել են սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են հյուրընկալել 90 000 օտարերկրյա մարզիկի, մարզիչների, լրագրողների և հովանավորների ներկայացուցիչների: