Ահա մեր իշխանությունների մշտապես արդարանալու գինը. Հայ զինվորների մանեկեններն ու հրճվող ադրբեջանցիները․ Բաքուն երեխաներին օգտագործում է, որպես հայատյացություն գործիք (Լուսանկարներ)
Բաքվի, այսպես կոչված, «Ավարների պուրակը», որը նվիրված է Ադրբեջանի հաղթանակին, իր դռներն է բացել այցելուների առաջ։
Ավելի վաղ այնտեղ այցելել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որից հետո էլ իշխանությունները շրջայց էին կազմակերպել Բաքվում օրերս անցկացված միջազգային կոնֆերանսի մասնակիցների համար։ Ի դեպ, կոնֆերանսի մասնակիցները, որոնց թվում էին տարբեր երկրների փորձագետներ ու դիվանագետներ, ուրախությամբ շրջում ու լուսանկարվում էին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտների ու մանեկենների հետ։
Այժմ պուրակը բաց է բոլոր ցանկացողների համար և որքան էլ տարօրինակ թվա՝ նաև երեխաների։ Մուտքի տոմսն արժե 2 մանաթ, օտարերկրացիների համար՝ 10 մանաթ։ Կարող են այցելել նաև մինչև 6 տարեկան երեխաները, որոնց համար մուտքն անվճար է։
Բաքվի իշխանությունները երեխաներին օգտագործում են որպես թշնամանքի տարածման գործիք՝ վաղ տարիքում նրանց մեջ հայատյացություն սերմանելով։
Այս ամենի լավագույն վկայությունն են համացանցում տարածվող երեխաների ու նրանց ծնողների հրճվալից լուսանկարները՝ պատերազմում զոհված հայ զինվորներին պատկերող մանեկենների ու նրանց սաղավարտների ֆոնին։
Ի դեպ, հայ զինծառայողների ու սպաների մանեկենները պատրաստել են նկարիչներ Քյամրան Ասադովը, Մուշֆիգ Հեյդարովն ու Ռաշիդ Մագերամովը։ Տեղի լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում նրանք պատմել են, որ միասին պատրաստել են 26 կերպար 3 ամսվա ընթացքում։ Նրանք նաև «հպարտությամբ» պատմել են, որ ցանկացել են կերպարներն անել այնպես, որ ինչքան հնարավոր է տգեղ լինեն։
«Մենք փորձել ենք ստանալ ամենատգեղ կերպարները։ Սովորաբար, մենք փորձում ենք ինչ-որ բան հնարավորինս գեղեցիկ ստեղծել։ Այս անգամ հակառակն էր»,- ասել է նկարիչներից Քյամրան Ասադովը։
Հավելենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ դատապարտել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից «Ավարների պուրակի» բացումը՝ նշելով, որ դա ուղղված է նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհետ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը: «Հիմա, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրեր պարունակող նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն: Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա: Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, իսկ մյուս կողմից նման ցուցադրությամբ փորձ է կատարում մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։ Նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը «հետհակամարտային» իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,- ասվում է հայտարարության մեջ։ Էմմա Չոբանյան
Աղբյուրը՝ factor.am