Դեռ հրաժարական չի ներկայացրել, 2 անգամ չընտրվելու թատրոնը չեն բեմականացրել, նախագահն ու ԿԸՀ-ն ընտրությունների մասին չեն հայտարարել, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նախընտրական ճառ է ասում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդար ընտրություններից, հավասար հնարավորություններից և ազնիվ ընտրապայքարում հաղթելուց խոսող Նիկոլ Փաշինյանը երեկ անսպասելի ելույթ ունեցավ Ազգային ժողովում՝ ըստ էության, ազդարարելով նախընտրական քարոզարշավի սկիզբը։ Ճիշտ է՝ դեռ հրաժարական չի տվել, երկու անգամ չընտրվելու թատրոնն էլ դեռ չեն բեմականացրել, ոչ էլ ՀՀ նախագահն ու ԿԸՀ-ն են ընտրությունների մասին հայտարարել, բայց բոլորին միանգամայն պարզ է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, օգտվելով իր պաշտոնի ընձեռած հնարավորություններից, նախընտրական ճառ է ասում՝ արդեն իսկ խախտելով օրենքը։ Ընդ որում, ելույթը, որը պետք է վերաբերեր կառավարության ծրագրի կատարմանը, ոչ մի կապ չուներ դրա հետ։ Անհիշելի ժամանակներից եկող ինչ-որ հիշողություններ, անգամ՝ Հոկտեմբերի 27-ի հիշատակմամբ։
Նորից նույն տեքստերը՝ նախկիններին ուղղված լուտանքներով։ Արցախյան հիմնահարցի սեփական, աղավաղված պատկերացումների շարադրանք։ Թացը՝ չորի, մեղավորին անմեղի հետ խառնելով՝ պատերազմի ու մեր կորուստների վերլուծություն։ Մշուշոտ արդարացումներ, անանուն ու անհասցե մեղադրանքներ, մեղքի ու պատասխանատվության, թշնամանքի ու բարեկամության, արդարության և պատժի մասին կասկածելի հայտարարություններ, որոնց չգիտես էլ ինչպես հակադարձես։
Եվ արժե՞ հակադարձել։ Մի անասելի զարմանք է պատում լսողին՝ լավ, այսքան սխալն ու թյուրըմբռնումը, դեմագոգիան ու երեսպաշտությունը, կեղծիքն ու ստախոսությունը, սեփական իրավացիության մեջ անխախտ համոզմունքն ինչպե՞ս են բուն դրել այս մարդու մեջ։ Մի՞թե կասկածի, զղջումի, ափսոսանքի գիտակցումն իսպառ բացակայում է, և իր շրջապատում չկա մեկը, որ բացատրի՝ այսպես չի կարելի մի ամբողջ երկիր կառավարել։ Այսպես կառավարելու արդյունքում ենք մենք այս վիճակին հասել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։