Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում շեշտել է Սիրիան «արաբական ընտանիք» վերադարձնելու անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Նաթանզում տեղի ունեցած միջադեպի պատճառով Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման ֆոնին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները, հայտնում է Tehran Times թերթը։
Երեքշաբթի ռուս դիվանագետը հանդիպել է իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Թեհրանում գտնվելով` Լավրովն ընդգծել է, որ Սիրիան պետք է վերադառնա «արաբական ընտանիք»՝ «Արաբական պետությունների լիգա»։
Մինչ Թեհրան մեկնելը Լավրովն այցելել էր Եգիպտոս, որտեղ իր գործընկեր Սամիհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել էր․ «Ես կարող եմ վերահաստատել մեր համոզմունքն առ այն, որ Սիրիան պետք է վերադառնա արաբական ընտանիք և ամբողջովին վերականգնի անդամակցությունն «Արաբական պետությունների լիգա»-ին։ Հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված հույզերն ու տարբերությունները՝ նման հարցերը հնարավոր չէ լուծել մեկ գիշերվա ընթացքում։ Մենք զգում ենք, որ դրա լուծման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մեր հետևողական կոչերը էլ ավելի դրական արձագանքների են արժանանում։ Ես կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար կատարած մեր այցերի արդյունքն է»:
Այնուամենայնիվ, հակառակ «Արաբական պետությունների լիգա» վերադառնալու Սիրիայի պատրաստակամությանը, այդ ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կիրառած ջանքերը քիչ արդյունքներ են գրանցել, ինչը կապված է Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ։ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներով, որոնք հայտնի են «Կեսարի ակտ» անունով, Նահանգները վետո է դրել իր որոշ արաբական դաշնակիցների, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից՝ Սիրիան արաբական աշխարհ վերադարձնելու բոլոր քաղաքական և դիվանագիտական ջանքերի վրա:
Թեհանում Լավրովը քննարկել է Սիրիայի հարցը՝ անդրադառնալով Պարսից ծոցի տարածաշրջանի վերաբերյալ Ռուսաստանի խաղաղության նոր հայեցակարգին։
Բացի վերոնշյալից, Թեհրան կատարած այցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցերը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում Լավրովը նշել է, որ Իրանը և Ռուսաստանը ընդհանուր և սերտ նպատակներ ունեն տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակում։
Լավրովը նկատի է ունեցել Վիեննայում վերջերս կայացած միջուկային բանակցությունները և ԱՄՆ-ի կողմից 2015 թվականի Իրանի միջուկային գործարքին վերադառնալու ցանկությունը․ «Մոսկվան կարծում է, որ հարցի միակ լուծումը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Միացյալ Նահանգների վերադարձն է՝ կիրառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը»։
Լավրովը հավելել է, որ այս համատեքստում Իրանին խնդրել նոր պայմաններ ընդունել կամ գործել գործարքի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների սահմաններից դուրս միանգամայն անօգուտ են։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Պարսից ծոցի հավաքական անվտանգության նախաձեռնությունը, որի շրջանակում ՌԴ-ն հավատարիմ է այն ենթադրությանը, որ Պարսից ծոցի տարածաշրջանում կուտակված տարաձայնությունների հաղթահարումը հնարավոր է միայն համապարփակ երկխոսության և փոխադարձ հարգանքի միջոցով՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերն ու մտահոգությունները:
Լավրովի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Թեհրանը և Մոսկվան պետք է շարունակեն տարածաշրջանային ճգնաժամերը և խնդիրները լուծելու ուղղությամբ տարվող համագործակցությունը, սակայն նշել է, որ «սիոնիստական ռեժիմին՝ որպես ապակայունացնող և լարվածության խթանող տարր, Պարսից ծոցի տարածաշրջան հրավիրելը վտանգավոր քայլ է»: