«Որպես ռազմական դաշինք՝ ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի անվտանգության հարցերով, սակայն այն կրկին սիրախաղ է անում Կիևի հետ». Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է ՆԱՏՕ-ին Դոնբասում լարվածությունը պահպանելու նպատակով Ուկրաինային հրահրելու համար, գրում է korrespondent.net-ը:
«Որպես ռազմական դաշինք՝ ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի անվտանգության հարցերով, սակայն այն կրկին սիրախաղ է անում Կիևի հետ: Միևնույն ժամանակ Դաշինքը, կապի մեջ լինելով և սերտ հարաբերությունների մեջ լինելով Կիևի ռեժիմի հետ, մտահոգություն չի հայտնում առ այն, թե ինչ է կատարվում Դոնբասում, այլ ընդհակառակը, այդ թեժ կետերը Կիևի քաղաքական գործիչներին ավելի շատ դրդում են, այսպես կոչված, նվաճումների, և դա տեղի է ունենում արդեն երկար տարիներ: Երեխաներ, կանայք, տարեց մարդիկ մահանում են»,- ասել է Զախարովան և քննադատել Եվրամիության գործողությունները:
«ԵՄ-ն, որը հզոր տնտեսությամբ, զինված ուժերով և հատուկ ծառայություններով եվրոպական պետությունների միություն է, հետևում է, թե ինչ է կատարվում Եվրոպայի հենց սրտում, և ոչ միայն դիտում է, այլ ամեն կերպ խրախուսում է Կիևի ռեժիմը: Խոսքն արդեն ոչ թե մարդու իրավունքների, այլ առաջնային անվտանգության մասին է»,- շեշտել է Զախարովան:
Բացի այդ, դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն երբեք կոշտ չի դիմի Կիևին՝ դատապարտելով Դոնբասում գործողությունները:
«Դուք չեք գտնի Կիևի դեմ ուղղված լոկ մի հասարակ կոչ՝ կատարված աշխատանքի մասին զեկուցելու, բանակցային սեղան վերադառնալու, դադարեցնելու այս քաղաքական ոչ թե նույնիսկ ինտրիգը, այլ միջազգային քաղաքական վրդովմունքը: Դրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել», - շեշտել է Զախարովան:
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը դժգոհել է, որ ԵՄ-ն, ընդհակառակը, խստացրել է իր հռետորաբանությունը Ռուսաստանի Դաշնության դեմ`մեղադրելով Մոսկվային Ուկրաինայում տեղի ունեցող ամեն ինչի ձախողման համար: