Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք էմբարգո են սահմանել Թուրքիայի նկատմամբ»
Թուրքիայի նախագահի վարչակազմին կից գործող պաշտպանական արդյուանբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք սահմանափակումներ են կիրառել Անկարայի դեմ: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Մի շարք արևմտյան երկրների սահմանափակումները Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ թույլ են տվել Անկարային ռազմարդյունաբերական զարգացման առավել ռացիոնալ ծրագիր մշակել, որոշել արտադրանքի առաջնահերթ շեմը, որը պետք է արտադրել երկրում»,- իր թվիթերյան էջում գրել է թուրք պաշտոնյան:
«Էմբարգոյի ֆոնին մենք ավելի լավ գիտակցեցինք, թե ինչի կարիք ունենք, ինչ է պետք արտադրել հայրենական ձեռնարկություններում և արագացրինք ընթացքը»,- գրել է Դեմիրը:
Վերջինս ուշադրություն է հրավիրել թուրքական ASELSAN կոնցեռնի ուժեղացման վրա, որն անօդաչուների համար նախատեսված CATS տեսակի տեսախցիկների արտադրություն է սկսել:
«Թուրքիայի կախվածությունն արտահանումից այդ ուղղությամբ ևս նվազել է: Դա ապացուցում է նախագահ Էրդողանի քաղաքականության ուղղվածությունը երկրի ռազմարդյունաբերական ներուժի ամրապնդման գործում: Պատժամիջոցները թույլ են տվել մեզ գործունեությունն ուղղել պաշտպանական արդյուանբերության զարգացմանը: Այդ իսկ պատճառով մենք միայն շնորհակալ ենք այն երկրներին, որոնք նման սահմանափակումներ են կիրառում: Ոչ ոք ի զորու չէ փոխել Թուրքիայի անկախ պաշտպանական արդյունաբերության կազմավորման ընթացքը»,- հավելել է Դեմիրը: