«Որպես հայ, որն ատելության զոհ է դարձել, ուզում եմ, որ բոլորն իմանան՝ անթույլատրելի է նախագահի կողմից այս բառի օգտագործումը». Փայլանը «գյավուր» բառի գործածման համար Էրդողանից ներողություն է պահանջել
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «գյավուր» (թուրքերի կողմից ոչ մուսուլմաններին անվանելու ձև, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ, բառացիորեն նշանակում է անհավատ) բառի օգտագործման համար։
«Դուք ատելության այս արտահայտությունն օգտագործում եք՝ քաջ գիտակցելով, որ կան քաղաքացիներ, որոնք սերունդների ընթացքում դարձել են «գյավուր» հայհոյանքով պայմանավորված ատելության հողի վրա կատարված հանցագործությունների զոհը։ Ամո՛թ ձեզ»,- Twitter-ում գրել է Փայլանը։
Արձանագրելով, որ Էրդողանը զբաղվում է ատելության տարածմամբ՝ Փայլանը հարցրել է՝ արդյո՞ք վերջինս չի պատրաստվում ներողություն խնդրել իր հայտարարության համար։
«Որպես հայ, որն ատելության զոհ է դարձել և որին բազմիցս «գյավուր» են անվանել, ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ անթույլատրելի է նախագահի կողմից այս բառի օգտագործումը»,- հավելել է հայազգի պատգամավորը։
Ինչպես նշում է Stockholm Center for Freedom-ը, վերջին տարիներին Թուրքիայում հաճախակի են դարձել ատելության քարոզի դեպքերը։ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի հրապարակված հաշվետվությունը վկայում է՝ քրիստոնյա փոքրամասնությունը հատկապես հարձակումների է ենթարկվում ԶԼՄ-ների կողմից:
Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը խորհրադարանում ելույթի ժամանակ հայտարարել էր՝ «ցավով են արձանագրում, որ չնայած ընդդիմությունն ունի թուրքական ինքնություն, դիմում է գյավուրների մեթոդներին՝ քննադատությունների անվան տակ հարձակվելով կառավարության վրա»։