«2021-ին Հս. Կորեան կարող է վերսկսել միջուկային զենքի կամ հեռահար հրթիռների փորձարկումները». ԱՄՆ հետախուզություն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2021 թվականին կարող է վերսկսել միջուկային զենքի կամ հեռահար հրթիռների փորձարկումները:
Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ հետախուզությունը, փոխանցում է France24-ը:
«Կիմը կարող է քննարկել հեռահար հրթիռների կամ միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու տարբերակը, որպեսզի ստիպի Ամերիկայի Միացյալ Նահանգներին բանակցել իր հետ` Հյուսիսային Կորեայի համար բարենպաստ պայմաններով», - ասվում է ամերիկյան հետախուզության տարեկան զեկույցում:
Հետախուզության տարածած փաստաթղթվում շեշտվում է նաև, որ «Հյուսիսային Կորեան շարունակում է բարելավել բանակի կարողությունները միջուկային զենքի հետ չառնչվող ոլորտներում:
«Փհենյանը 2021 թվականին հունվարին և 2020-ի հոկտեմբերին շքերթների ժամանակ ցույց է տվել ռազմավարական և մարտավարական բալիստիկ հրթիռների ավելի ու ավելի բազմազան զինանոց», - եզրակացրել են զեկույցի հեղինակները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հյուիսային Կորեան ավարտել է 3000 տոննա կշռող սուզանավի ստեղծումը: Վաշինգտոնում տեղակայված ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետները հստակեցրել են, որ ասիական երկրի իշխանությունները կարող են պատրաստվել սուզանավից բալիստիկ հրթիռի արձակմանը: