Եթե ներսում չկա ողբերգության գիտակցություն, ապա չի լինի նաև արտաքին ճնշումներին դիմադրություն. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
««Հայկական ռազմավարի պուրակի» բացումն ինձ առանձնապես չի հետաքրքրում Ալիևի մարդատյացության (ոչ թե միայն հայատյացության) և ցինիզմի տեսանկյունից: Պարզ է, որ մեզ հետ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի տարած հաղթանակից հետո Ադրբեջանի ղեկավարը պետք է ամեն ինչ անի մի կողմից՝ մեզ ցավ պատճառելու, նվաստացնելու, մյուս կողմից՝ սեփական հասարակության էյֆորիան որքան հնարավոր է երկարաձգելու համար: Ի դեպ, որքան գիտեմ, ոչ մի ադրբեջանցի չի հայտարարել, որ նման գործելակերպն անընդունելի է և, մասնավորապես, խոշտանգված մարդկանց ֆիգուրներ տեղադրելը սեփական հասարակությունը այլասերելու միջոց է: Այդ պուրակ «էքսկուրսիաների» եկած դպրոցականները մեծանալու են խեղված հոգեբանությամբ: Բայց դրանք ադրբեջանցիների խնդիրներն են: Ինձ հետաքրքիր են մեր խնդիրները:
Նախ՝ այն, որ մեր ազգին այս նվաստացմանը հասցրած իշխանությունը շարունակում է իշխել՝ չզգալով պարտության դառնությունը, և ձև անելով, որ ամեն ինչ հոյակապ է ու «Նոր Հայաստանն» ապրում է «աննախադեպ նվաճումների» պայմաններում: Երկրորդ՝ պետք է արձանագրել, որ մեր հասարակության մեծ մասն իրեն նվաստացած չի զգում և գտնվում է ինչ-որ անհասկանալի թմբիրի մեջ: Իսկ ինչո՞ւ է պետք զգալ ցավը: Պատասխանն ակնհայտ է. նույնիսկ ֆիզիոլոգիական մակարդակով՝ մինչև չգիտակցես, որ մարմինդ կամ դրա ինչ-որ մի մասը ցավ է զգում, չես կարող անգամ մտածել կազդուրվելու մասին:
Նույն երևույթի «ազգային» դրսևորման մասին 1910 թվականին ճշգրտորեն գրում էր Թումանյանը. «Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»:
Եթե ներսում չկա ողբերգության գիտակցությունը, ապա չի լինի նաև դիմադրությունը արտաքին ճնշումներին: Շատ-շատ՝ Ալիևի հասցեին ասվի մի երկու «քաղցր բառ», որոնցից Ադրբեջանի նախագահին ոչ տաք է, ոչ սառը: Այս պարագայում դժվար է նաև խնդիրը ներկայացնել միջազգային ասպարեզում (ինչից, բնականաբար, օգտվում է նույն Ալիևը): Ես կարող եմ նաև կանխատեսել միջազգային կառույցների արձագանքը՝ ինչի՞ց եք դուք, հայերդ, բողոքում, եթե ձեր իշխանությունը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ «կառուցողական երկխոսության» մասին, իսկ ձեր հասարակությանն ավելի հետաքրքիր է ոչ թե Հայաստանի ներկայիս վիճակը, այլ երեք տարի առաջ տիրող հոռի բարքերը: Այնպես որ Ալիևն ամեն ինչ ճիշտ է հաշվարկել, և նրա լկտիության պատճառը ոչ թե միջազգային կառույցների անտարբերությունն է, այլ մենք ենք: Եթե ինքնասիրությունդ չի խոցվում, ինչի՞ց ես բողոքում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։