Համազգային ցնծությունների և պարսավանքի տեսարաններն ազգի ցածր որակների մասին են վկայում․ մի ողջ ազգ համախմբվում է՝ անարժան մեկին փառաբանելու կամ սայթաքած մեկին կախաղան հանելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Համազգային ցնծությունների և համազգային պարսավանքի տեսարանները միայն ազգի ցածր որակների մասին են վկայում։ Չէ, անշուշտ, ազգի մարզական ու պատմական հաղթանակներով պետք է հպարտանալ ու ոգևորվել, իսկ ամոթալի իրադարձություններն ու պարտությունները պետք է համազգային սուգ ու տխրություն առաջացնեն։
Բայց երբ մի ողջ ազգ համախմբվում է անարժան մեկին փառաբանելու կամ սայթաքած մեկին կախաղան հանելու գաղափարի շուրջ, դա ոչ մի լավ բանի մասին չի վկայում։ Պետք է հասկանալ, որ ցանկացած մեկին փառաբանելուց կամ մեծարելուց առաջ պետք է հազար անգամ չափել և համոզվել, որ նա իսկապես արժանի է համընդհանուր սիրո։ Եվ այդ սերն այսրոպեական էմոցիաների վրա չպետք է խարսխված լինի։
Ինչպես ատելությունն ու մերժումը պետք է հիմնավոր ու պատճառաբանված լինեն։ Ասել կուզի՝ 2018 թվականին մեր անվերապահ սերն առ Նիկոլ Փաշինյան բացարձակապես էմոցիոնալ ու չկշռադատված ալիք էր, մի անհասկանալի էյֆորիա, մեր չստացված կյանքն ու չկայացած պետությունը փրկչին հանձնելու և պատասխանատվությունից խուսափելու համազգային պսիխոզի դրսևորում։
Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված մերժումը՝ նույն չստացված կյանքի ու բոլոր անհաջողությունների համար մեկ մեղավոր նշանակելու և ամեն ինչ նրա վրա բարդելու ստոր արարք։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը վառ անհատականություն է և արժանի էր չափավոր հարգանքի ու գնահատականի, բայց փրկիչ չէր և չէր կարող լինել։ Ինչպես հրեշ չէր և մեր բոլոր ձախորդությունների ու դժգոհությունների պատճառ չէր կարող լինել Սերժ Սարգսյանը, որի հրաժարականն այդպես անզուսպ հրճվանք էր պարգևել մեր ազգին։ Գրագետ, խելացի հասարակությունը չափավոր է սիրում, չափավոր ատում, իր չարածն ու անելիքը չի բարդում մեկի վրա և հախուռն որոշումներ չի կայացնում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։