«Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիրը մեկ այլ գեղեցկուհու գլխից թագը կոպտորեն հանելուց հետո հրաժարվել է տիտղոսներից
«Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիր Քերոլայն Ջուրին, որը հարձակվել է «Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվայի վրա ու հենց բեմում վերջինիս գլխից կոպտորեն հանել թագը, հրաժարվել է գեղեցկուհու կոչումներից և թագերից, հայտնում է People ամսագիրը։
Ապրիլի 8-ին ձերբակալվելուց, ապա գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Ջուրին տեսանյութ էր հրապարակել համացանցում, որում խոսել էր այն մասին, որ իր միակ նպատակը անարդարության դեմ պայքարն է եղել։
«Կանոններն ու կանոնակարգերը բոլորի համար նույնն են։ Դրանք չեն հորինվել դրանց մեջ սողանցքներ փնտրելու ու ամեն գնով հաղթանակին հասնելու համար», - ասել է Ջուրին։
Տեսանյութի վերջում նա գլխից հանել է թագը և ասել, որ արդեն պատրաստ է թագը հանձնել․« Ի վերջո կնոջը մեկ արդար հնարավորություն է պետք»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, 31-ամյա Փուշպիկա դե Սիլվան այս տարի արժանացել է «Միսիս Շրի Լանկա» տիտղոսին, սակայն մինչ նա կհեռանար բեմից, 2019-ի տիտղոսակիր Քերոլայն Ջուրին, որը նաև «Միսիս աշխարհ 2020»-ի հաղթողն է, մոտեցել է Դե Սիլվաին և հանել է նրա թագը՝ այդ ընթացքում վնասելով վերջինիս գլուխը։
«Ինչ վերաբերում է «Միսիս Շրի Լանկա»-ին մասնակցությանը, կա կանոն, որի համաձայն՝ պետք է ամուսնացած լինել, այլ ոչ թե ամուսնալուծված»,- ասել է նա՝ թագը դնելով երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի գլխին։
Ավելի ուշ պարզ է դարձլել, որ Դե Սիլվան բաժանված է, սակայն օրինական ամուսնալուծված չէ։
Մրցույթի տեղական ներկայացուցիչ Չանդիմալ Ջայասինքը ասել է, որ խորապես անհանգստացած է և անկեղծորեն զղջում է Ջուրիի պահվածքի համար։ Նրա նկատմամբ մեղադանք է հարուցվել, ոչ միայն հարձակման և վնաս հասցնելու, այլ նաև նյութական վնասի համար (Ջուրին վնասել է հանդերձանք, կոտրել մի քանի հայելի և երկու ժամով երկարացրել միջոցառման տևողությունը, որի պատճառով թատրոնը գանձել է հավելյալ 2500 դոլար)։ Կազմակերպիչները մեղադրել են Ջուրիին՝ միջոցառումը վարկաբեկելու համար։
Սոցիալական հարթակներում սկսվել էր արշավը, որի շրջանակում պահանջվում էր Ջուրիին զրկել «Միսիս աշխարհ» տիտղոսից: