Մինեապոլիսում սևամորթ երիտասարդի սպանությունից հետո հեռացրել են քաղաքային կառավարչին․ զանգվածային անկարգությունները շարունակվում են (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Բրուքլին Սենթեր քաղաքի իշխանությունները ոստիկանի կողմից 20-ամյա աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանության ֆոնին քաղաքային կառավարիչ Կուրտ Բոգանիին, որի ենթակայության տակ է գտնվում քաղաքի ոստիկանությունը, հեռացրել են իր զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան հայտարարությունը Twitter-ում հրապարակել է քաղաքապետ Մայք Էլիոթը:
Նրա խոսքով՝ քաղաքային կառավարչին ծառայությունից հեռացնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը:
Քաղաքապետը չի հստակեցրել նրան հեռացնելու պատճառները։ Ընդ որում, Fox News հեռուստաալիքը նշում է, որ նման որոշման պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ Էլիոթն ավելի վաղ Բոգանիին կարգադրել էր աշխատանքից հեռացնել աֆրոամերիկացուն սպանած ոստիկանին, սակայն վերջինս հրաժարվել էր։
Հիշեցնենք, որ ոստիկանները 20-ամյա Դանթե Ռայթի ավտոմեքենան կանգնեցրել էին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Նրանք պարզել էին, որ ավելի վաղ երիտասարդի ձերբակալման հրաման էր տրվել: Ռայթը չէր հնազանդվել ոստիկանության պահանջներին, որոնք փորձել էին ձերբակալել նրան, և նորից նստել էր իր ավտոմեքենան:
Ոստիկաններից մեկը կրակել էր երիտասարդի վրա: Նրա ավտոմեքենան մի քանի փողոց էր անցել և բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի: Ռայթին բժշկական օգնություն էին ցուցաբերել, սակայն նա տեղում մահացել էր։
Միջադեպը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, ցուցարարների ու ոստիկանության միջև բախումների․ Մինեապոլիսում արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել։