«Հիշողության կորուստ». ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Պետդեպին նախատել է դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի մասին գրառման մեջ Գագարինին չհիշատակելու համար
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարել է Պետդեպարտամենտի «հիշողության կորստի» մասին այն բանից հետո, երբ գերատեսչությունն իր ռուսալեզու ֆեյսբուքյան էջում դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի մասին գրառման մեջ չի նշել Երկրի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ամերիկյան դեպարտամենտի հրապարակման մեջ ասվում է, որ այսօր ամբողջ աշխարհում նշում են մարդու տիեզերքում գտնվելու վաթսունամյակը: Բացի Գագարինի անունը չնշելուց, գրառման մեջ չի նշվել նաև, որ առաջին երկիրը, որը մարդ է տիեզերք ուղարկել, ԽՍՀՄ-ն է, իսկ կից լուսանկարում պատկերված է ամերիկացի տիեզերագնացներից մեկը, որի թևի վրա ԱՄՆ դրոշն է:
«Մենք ցավով ենք նշում, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջին անգամը չէ, որ հիշողության կորուստ է ցուցաբերում տիեզերքի նվաճման պատմության վերաբերյալ»,-ասվում է Ռուսաստանի դեսպանության մեկնաբանության մեջ:
Դիվանագիտական առաքելությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 12-ը հայտարարել է մարդու տիեզերական թռիչքի միջազգային օր`ի հիշատակ Գագարինի թռիչքի, որը տեղի է ունեցել 60 տարի առաջ` 1961 թվականին:
Դեսպանատունը «մոռացկոտ գործընկերներին» հիշեցրել է նաև, որ Գագարինի քանդակները կարելի է տեսնել ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: